Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Բերդաձորի Անդոն ուրի՞շ Հայ ժողովրդի մասին էր խոսում

Բերդաձորի Անդոն ուրի՞շ Հայ ժողովրդի մասին էր խոսում
11.11.2023 | 18:18

Լա՛վ, հլը Արցախը, հողերը… լուռ եք...

Արդեն երկրորդ ամիսն ենք գլորում:

Բա ասենք Արցախի ռազմաքաղաքական դեմքերի մարտական, կուսակցական, բիզնես ու ընդհանրապես ընկերները սկի ասելու կամ անելու բան չունե՞ն, որ իրենց ընկերները հիմա գերեվարված են:

Ասենք Վարդանյանը հսկա կուսակցություն էր հիմնել ու ֆինանսավորում, համակիրներ ու աջակիցներ ուներ:

Էդ կուսակցության դեմքերից ձեն, ծպտուն կա՞:

Մյուսների՞ թիմերն ու գաղափարակիցները ինչ-որ տևական հավաք, միտինգ, նստացույց, բողոք` պետական ու միջազգային կառույցների, դեսպանատների առաջ կամ այլ տեղ ու այլ ուրիշ բան...

Իրոք չեմ հասկանում, հայրենիքի պահով անճար եք կամ ժողովրդի ցասմանն եք սպասում, բա ընկերություն, անցած ճանապարհ, կիսած հաց, կյանք ու գաղափար. էդ սաղ ֆե՞յք էր:

Վախտին վիդեոյի մեջի Տղեն, ավելի փակ ու սուղ պայմաններում ելավ-հասավ ամերիկաները, դռներ ծեծեց, մարդկանց հանդիպեց, խնդրեց, խոսաց, համոզեց ու հասավ իր հինգ ընկերների մահապատժի չեղարկմանը:

Էսօրվա նույն Սամվել Բաբայանը էդ վախտերը, որ նույն Բաքվում գերի էր, իր ախպերն ու ընկերները վիզ դրեցին ազատեցին 10 հոգու` Բաբայանին էլ հետը` Քոչարյանի բանակցելու ունակությունների շնորհիվ:

Հիմա ի՞նչ է փոխվել:

Լա՛վ, ժողովուրդը փոխվել է, բա դու՞ք:

Իսկ կարո՞ղ է ժողովուրդը ձեզ տեսնելով ու ձեր օրինակով է փոխվել:

Իսկ կարո՞ղ է ոչ մեկն էլ չի փոխվել, պարզապես միշտ էլ էս է եղել` չհաշված մատերի վրա հաշված Տղեքը, որ էն վախտ կարողացել են բան փոխեն, բայց այդպես էլ ձեզ ու մեզ չկարողացան փոխել, դրա համար էլ էս օրին ենք:

Բերդաձորի Անդոն ուրի՞շ Հայ ժողովրդի մասին էր խոսում, թե՞ պարզապես հավատում էր:

Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Հ.Գ. 1
1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ՝ Բաբայանը ու ևս մի քանի հայ տղաներ անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում են Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում:

Ամիսներ անց Սամվել Բաբայանի եղբայրը՝ Կարեն Բաբայանը, ընկերների հետ առևանգում են Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Շուքյուր Աբբասովին, ում ազատության համար պարետատան հետ Ռոբերտ Քոչարյանի վարած բանակցություններով պահանջ է ներկայացվում ազատ արձակել 10 գերի հայերի:

Այլոց անունները նշում են նաև այն պատճառով, որ չբացահայտվի Բաբայանի կարևորությունը հայկական կողմի համար:

Փոխանակումը հաջող է ընթանում, ու Բաբայանն այլոց հետ վերադառնում են:

Հ.Գ. 2
Երբ 1992 թ. Քարին տակի ճակատամարտում ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ (ԲԵՐԴԱՁՈՐԻ ԱՆԴՈ)
կորցրեց իր ամենամտերիմ ընկերներին, մթնեց, բայց չերերաց: Գրեց.
«ՈՒ գնում են նրանք, որ կռունկներ դարձած ետ վերադառնան», և նկատեց՝ «Քարին տակի ճակատամարտից հայը դուրս եկավ բարոյահոգեբանական հաղթանակով»: Եվ մահվանը զուգահեռ՝ եղան ծնունդներ… և Բերդաձորն ապրեց:
1991 թ. ադրբեջանցիների հայաթափման ծրագրում Գետաշենից հետո Բերդաձորն էր, որի ժամանակ Անդրանիկի 5 զինվորները գերվեցին և Բաքվի Բայլովյան բանտում դատապարտվեցին գնդակահարության:
ԱՄՆ-ում ՄԱԿ-ի շենքի մոտ ցույց կազմակերպվեց, և Անդրանիկի հանդիպումը Ջորջ Բուշի հետ տվեց
ցանկալի արդյունք՝ գնդակահարությունը հետաձգվեց, և «Կարմիր խաչին» հանձնարարվեց այցելել Բաքվի բանտ, իսկ Ադրբեջանի նախագահ Մամեդովին՝ կանխել գնդակահարությունը: Անդրանիկը հանդիպումներ շատ ունեցավ նշանավոր մարդկանց հետ, եղավ Վարազ Սամվելյանի արվեստանոցում, և Վարազի հետ այցելեց Անդրանիկ զորավարի հուշարձանին, եղավ Դրոյի տանը, գերեզմանոցում, ուր տիկին Գայանեն նվիրեց Դրոյի գիրքը և ձայներիզը, ուր Սիմոն Վրացյանը, Դրոն և մեկը (որ չգիտեր և տիկին Գայանեն) պատմում էին Բաշ-Ապարանի կռիվների մասին: Եվ առաջին անգամ Դրոյի ձայնը 1992 թ. հնչեց հայկական հեռուստաէկրաններից:
Անդրանիկը երկու Ամերիկաների բոլոր նահանգներում, փոքր ու մեծ քաղաքներում ունեցավ ելույթներ, և դրամահավաքի աշխատանքը՝ ի օգնություն Արցախի բավականին մեծ հաջողությամբ պսակվեց:
Բոլոր թերթերն արձագանքեցին: Եվ ինչպես Վարդգես Պետրոսյանն է ասում. «Ամբողջ Ամերիկան առ այսօր սիրահարված և հիացած է Անդրանիկով…»:

Հեղինակ` Դուշման ՎԱՐԴԱՆ



Դիտվել է՝ 2834

Մեկնաբանություններ